Կառավարությունը բարձրացնում է մանկավարժների աշխատավարձերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոս բարձրացնելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել այն անել արդեն այս տարվա սեպտեմբերից: «Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար այն լավ գործընթաց է` բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու առումով»,- ասել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ համակարգն արդյունավետ դարձնելու համար իրականացվում են նաև այլ գործընթացներ՝ ատեստավորման նոր համակարգի ներդրում, աշխատավարձի բարձրացում՝ արդյունքի հետ կապված: «Մենք պատրաստվում են սահմանել դպրոցների ֆինանսավորման բանաձև, որտեղ մեկ դրույքի համար նվազագույն շեմը կլինի 108 հազար դրամ: Հույս ունեմ, որ դա մենք կունենանք հունվարից: Այն մեզ թույլ կտա ավելի կանխատեսելի դարձնել համակարգը և չունենալ այն մեծ տարբերությունները, որոնք առկա են դպրոցների ֆինանսավորման հետ կապված: Այսինքն՝ ֆինանսավորման համակարգն ավելի արդար կլինի. բացի ըստ աշակերտի, հաշվի կառնվեն նաև դպրոցների այլ կարիքները՝ դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն»,-նշել է նախարարը: